Դե հո Իլհամ Ալիևն իրեն չի մեղադրելու բանակցությունները տապալելու հարցում։ Այսօր՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ հայկական կողմին ուղղված բանակցությունները տապալելու մեղադրանքին։
«Ինքն իրեն պետք է մեղադրի, բայց մեղադրում է հայկական կողմին։ Եթե չի բանակցում, ուրեմն իր համար բանակցություններ գոյություն չունեն»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ով խոսել էր Տավուշյան դեպքերից հետո պարգևատրված զինծառայողների մեծ թվի մասին՝ նախարարը պատասխանեց, որ պարգևատրումը միանշանակ արդարացված էր:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե հայկական կողմն արդեն պատասխան տվե՞լ է Ադրբեջանին օրեր առաջ հայ զինծառայողի սպանության համար, ինչի մասին նախարարը խոսել էր դեպքից հետո: Դավիթ Տոնոյանը կարճ արձագանքեց՝ ամեն ինչ ժամանակին։
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ հաղթահարելու ենք բոլոր փորձությունները և հորդորեց անհոգ լինել։
«Մենք ուժեղ ենք, տոկուն ենք. միայն հաղթանակներ ենք ունենալու։ Մեր ժողովուրդը միայն հաղթանակներ է գրանցելու, որովհետև մեր ցանկացածը, կամեցածն արդար է»,- հույս հայտնեց նախարարը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տեղեկություններ ունի, թե ղարաբաղյան հակամարտության շփման գոտում Հայաստանի զինված ուժերի կենտրոնացում է տեղի ունենում և դա համարել է Երևանի կողմից պատերազմի նախապատրաստություն: Նա նաև հայկական կողմին մեղադրել է բանակցությունները տապալելու հարցում։
Ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն էր տարածել՝ հայտարարելով, որ Ալիևի հայտարարությունները խորապես հիասթափեցնող են։