Կորոնավիրուսի հետևանքով մենք մեկ օրում ունենում ենք 51 մլն դոլարի կորուստ

Կորոնավիրուսի հետևանքով մենք մեկ օրում ունենում ենք 51 մլն դոլարի կորուստ

Էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ Վահրամ Ավանեսյանը մասնագիտական հաշվարկ եւ վերլուծություն է կատարել՝ կանխատեսելով, թե մենք որքան վնաս կկրենք կորոնավիրուսի պատճառով առաջացած այս ճգնաժամի, ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի հետեւանքով: Ավանեսյանը, հիշեցնենք, պետական համակարգում աշխատել է դեռ 90-ականներից, իսկ վերջին անգամ կառավարության անդամ եղել է Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք: Այժմ պետական կառավարման համակարգից դուրս է, փոխարենը նրա որդին՝ Ավագ Ավանեսյանն է կառավարությունում. էկոնոմիկայի փոխնախարարն է:

Ըստ Ավանեսյանի կատարած հաշվարկի՝ Հայաստանի տնտեսությունն արտակարգ դրություն հայտարարելու օրվանից ի վեր 20 աշխատանքային օրվա կամ մոտ մեկ ամսվա կտրվածքով այսպես մնալու դեպքում կկրի 2019 թ. մեր ՀՆԱ-ի 11 տոկոսի չափ կորուստ: Այսինքն, եթե 2020 թվականին մենք պետք է 11 տոկոսի չափով օգուտ ունենայինք, այդ օգուտը չենք ունենա: Բայց դա դեռ ամենը չէ:

«Եթե մենք 20 օր ունենանք նման տեսակի սահմանափակումներ, ոչ թե աճի տեսանկյունից, այլ կորուստների առումով՝ 2019-ի համեմատ, կունենանք 11 տոկոսի չափով ՀՆԱ-ի կորուստ: Սա բազային սցենարն է, կարող է լինել նաեւ ավելի ցածր սցենար: Բայց Հայաստանի համար կարեւոր է գնահատել նաեւ, թե ինչ է տեղի ունենալու մեր երկու՝ առաջնային եւ երկրորդային եկամուտների հետ: Հայտնի բան է․ մեկը աշխատողներն են փողը փոխանցում, մյուսը բարեկամները բարեկամներին են փողը փոխանցում, որը հիմնականում, բնականաբար, Ռուսաստանից է գալիս, եւ երկուսի մասով էլ մենք խնդիր ունենք»,- ասաց պարոն Ավանեսյանը, ապա շարունակեց.

- Իմ հաշվարկով, 120 օր կամ չորս ամիս մենք աչքի տակ պետք է ունենանք, որ Ռուսաստանում սահմանափակումները կշարունակվեն, եւ եթե այդ հաշվարկով առաջնորդվենք, ապա միայն ՌԴ-ից եկած եկամուտների մասով մենք կունենանք օրական 20 մլն դոլարի կորուստ: Եվ եթե տարեկան կտրվածքով հաշվենք, ապա, իմ գնահատականներով, մոտ 500 մլն դոլարի կորուստ կունենանք միայն Ռուսաստանից: Իսկ միայն կորոնավիրուսի առաջացրած տնտեսական հետեւանքները եթե գնահատենք՝ հաշվի չառնելով Ռուսաստանից եկող գումարները, ապա մեկ օրում մենք ունենում ենք 51 մլն դոլարի կորուստ: Իսկ եթե ՌԴ-ում 120 օր չտեւի, այլ ավելի շատ, ապա կորուստները, բնականաբար, ավելի շատ կլինեն: Եվ եթե այդ 51 միլիոնը բազմապատկում ենք օրերի քանակով՝ 20-ով, ստանում ենք 1 միլիարդից ավելի գումար՝ գումարած ՌԴ-ից այդ 500 մլն դոլարի կորուստը, ստացվում է ավելի քան 1,5 միլիարդ, որը 2019 թ. մեր ՀՆԱ-ի 11 տոկոսն է կազմում: 

- Իսկ եթե 20 օր չտեւի, այլ ավելի շատ, մեր կորուստները տրամաբանորեն պե՞տք է ավելի շատանան, քանզի դիմակայելու ռեսուրսներն էլ են քչանալու, թե՞ դարձյալ 51 միլիոնի շրջանակում կլինեն:

- Տրամաբանությունը՝ միանշանակ, այո, բայց ես մի քիչ ուրիշ ձեւով եմ դրան նայում: Ուզում է՝ 20 օր լինի, ուզում է՝ 40 օր լինի կամ թեկուզ 365 օր լինի, միեւնույն է՝ դու քո ՀՆԱ-ից շատ չես կարող կորցնել: Ակնհայտ է, որ մի ամբողջ ստվար հատվածի համար դա կլինի կոնկրետ խնդիր ուղղակի սպառման տեսանկյունից, որովհետեւ մարդկանց խնայողությունները կարող են ձգել մեկ, երկու ամիս, ո՛չ ավել, որը մոտավորապես բնակչության 40-45 տոկոսն է կազմում, եւ եթե իրենք իրենց եկամուտներից զրկվեցին, այդ խնդիրները, բնականաբար, առաջանալու են։ Իհարկե, մենք ունենք նաեւ պետական հատված, որի ծառայողների աշխատավարձը կարող է պետությունը տալ, բայց եթե մասնավոր հատվածն իր աշխատողների՝ ինքնազբաղվածների, օրավարձով աշխատողների աշխատավարձը չտվեց, ապա դա շատ կոնկրետ սոցիալական խնդիր է առաջացնելու:

- Լավ, իսկ ի՞նչ է անում կառավարությունն այս ուղղությամբ եւ ի՞նչ չի անում, որը կարելի էր անել, եւ եթե Դուք լինեիք կառավարությունում, խորհուրդ կտայի՞ք, որ անեին: 

- Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: Ես չեմ կարող դրա մասին ասել, որովհետեւ դա ասելու համար ես պետք է մտածեմ լուրջ: Իսկ ես ընդամենը հաշվիչի դեր եմ խաղացել, ուղղակի հաշվել եմ:

- Պարզապես հաշվի առնելով, որ Ձեր որդին էլ կառավարությունում է, ենթադրում եմ՝ շփվում եք հետը, խորհրդակցում եք, տեղյակ եք՝ ինչպես են աշխատում:

- Ես շփվում եմ, խորհրդակցում եմ իր հետ, այո, դա կարող եմ ասել: Բայց ասում եմ՝ արտառոց իրավիճակ է հիմա, եւ մեր կառավարությունը շատ ծանր իրավիճակում է, ինչպես աշխարհի բոլոր երկրների կառավարություններն են: Ես, միանշանակ, հետեւյալը կարող եմ ասել, որ երբ ասում են՝ Վրաստանն ավելի լավ է աշխատում կամ Ադրբեջանը, քան մենք, դա ուղղակի ծիծաղելի է, որովհետեւ, եթե Վրաստանը կամ Ադրբեջանն ավելի լավն են, քան մենք, ապա Էստոնիան կամ Շվեյցարիան, հաստատ, մեզանից ավելի լավն են: Ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, ապա այն, ինչ լսել եմ, տրամաբանական է, բայց կան, իհարկե, խնդիրներ, որ պետք է ավելի արագ անել, որ պետք է ավելի քիչ մանրադիտակ օգտագործել, բայց դրանք բոլորը քննարկելու լուրջ խնդիրներ են:

- Նկատի ունեմ՝ կառավարության կողմից, ընդհանուր առմամբ, պատասխանատու եւ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերվո՞ւմ է այս հարցում:

- Դե, ո՞նց ասեմ, տղաս էնտեղ է, ես ո՞նց էդ հարցին պատասխանեմ:

- Ձեր տղան այնտեղ է, կարող է Ձեր տղայի աշխատանքից գոհ եք, բայց մյուսներից՝ ոչ այդքան:

 -Չէ, ես երբեք իմ աշխատանքից գոհ չեմ եղել, ես միշտ համարել եմ, որ կառավարություններն ինչ էլ անեն, մեկ է՝ պետք է քննադատվեն, ու մեկ է՝ լավ չեն անում, բայց ես կարծում եմ, որ այն ուղղությունները, որ ընտրված են, ամեն դեպքում, ճիշտ են: Ես չգիտեմ՝ էլ ինչ պիտի անեն կառավարություններն այս իրավիճակում: Բայց լրացուցիչ մի բան ասեմ, որ իմ հասկանալով՝ այս եռամսյակում այդքան վատ ցուցանիշներ չեն լինելու հարկային հավաքագրումների առումով, որովհետեւ մարտ ամսին նույնիսկ առեւտուրը, ամենայն հավանականությամբ, աճած է լինելու, որովհետեւ մարդիկ մարտ ամսին ավելի շատ գնումներ էին անում: Հիմնական ազդեցությունները լինելու են հետագայում, այսինքն՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսներն են լինելու բարդ: